Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը անհանգստություն է հայտնել Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատավճռի հետ կապված: Այս մասին հաղորդում է contact.az-ը:

«Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Ի հավելումն՝ հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա եւ Արիֆ Յունուսներին»,-ասված է Շուլցի հայտարարության մեջ։

Նա նաեւ անդրադարձել է լրագրողներ Ռասիմ Ալիեւի սպանությանն ու Հադիջա Իսմայիլովայի դատավարությանը։

«Հաշվի առնելով Ռասիմ Ալիեւի սպանությունը եւ Հադիջա Իսմայիլովայի քրեական հետապնդումը, Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատավարությունն ու դատավճիռն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա իրականացվող անողոք ճնշումների օրինակներ են»,-ընդգծել է Շուլցը:

Նա Ադրբեջանի կառավարությանը հիշեցրել է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին, այդ թվում՝ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» շրջանակներում։ «Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ օգտի համար պետք է բարելավեն իրավիճակը»,-ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը տնտեսական հանցագործությունների մեղադրանքով Լեյլա Յունուսին դատապարտել էր 8.5, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման։