«Իսլամական պետությանը» հաղթելու համար ԱՄՆ-ի իշխանությունները պիտի վերահսկողություն ձեռք բերեն Իրաքի տարածքում գտնվող նավթահանքերի վրա: Գրոհայինների ձեռքն ընկած նավթահորերը պիտի հետ խլվեն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
«Ես ուզում եմ նրանցից խլել եկամուտների աղբյուրը: Մենք հենց սկզբից պիտի նրանց նավթը խլեինք», - մուլտիմիլիարդատիրոջ խոսքերն է մեջբերում Sun Times International-ը:
ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնի հավակնորդը նաեւ հնարավոր է համարել Իրաքի տարածքում ցամաքային ռազմական գործողության իրականացումը: Դոնալդ Թրամփի խոսքով, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հերթական պատերազմը «հսկայական փող» կբերեր, ինչը թույլ կտար հոգ տանել զոհված զինվորականների ընտանիքներին:
Բացի դրանից, Թրամփը քննադատել է միջազգային միջնորդների «վեցնյակի» եւ Իրանի միջեւ գործարքը, որը նրա կարծիքով կհանգեցնի «միջուկային հոլոքոստի»: ԱՄՆ-ի Պետքարտուղար Ջոն Քերրիին նա անվանել է իր գործից անտեղյակ մեկը եւ խոստացել , որ ԱՄՆ-ի նախագահ դառնալով` այնքան խիստ վերահսկողություն կսահմանի գործարքի իրականացման վրա, որ Իրանին ոչ մի սողանցք չի մնա:





























