Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նշանակել է ընտանիքով Ադրբեջան փախած Եղիշե Գեւորգյանի գործով երկրորդ դատական նիստի օրը:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին:

Նշենք, որ առաջին դատական նիստը օգոստոսի 13-ին հետաձգվեց, քանի որ Գեւորգյան ամուսինները փաստաբան չունեին: Դատավոր Լեւոն Արազյանը որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին՝ նրանց փաստաբան տրամադրելու խնդրանքով: Հաջորդ նիստի օրն այդ ժամանակ չնշանակվեց, մինչեւ որ Հանրային պաշտպանի գրասենյակը նրանց փաստաբան կտրամադրեր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Եղիշե Գեւորգյանը 2010թ. հունվարի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում կնոջ` Ռուզաննա Մարդանյանի, եւ 3 անչափահաս երեխաների հետ «Երազ»  մակնիշի ավտոմեքենայով բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող զորամասի մարտական հենակետի տարածք: Չկատարելով՝ սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին՝ Եղիշե Գեւորգյանը շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն եւ անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Եղիշե Գեւորգյանին եւ նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Եղիշե Գեւորգյանն 8 անգամ դատապարտված է եղել, իսկ սահմանն ապօրինի հատելու պահին նրան կասկածում էին (առանց կասկածյալի կարգավիճակի) ծանր հանցագործության մասնակցելու մեջ:

Գեւորգյանների ընտանիքը Հայաստան է վերադարձել 2014թ. դեկտեմբերի 12-ին: