Ամուսնության 37-րդ տարեդարձին Լեյլա Յունուսը պոկվեց մի իրականությունից եւ հայտնվեց մեկ այլ իրականությունում: Այս մասին ասված է ամերիկյան «The Washington Post» պարբերականի՝ «Ադրբեջանի անարդարությունը» վերնագրով խմբագրական հոդվածում:
Հեղինակները հիշեցնում են, որ Յունուսին մեղադրում են պետական դավաճանության, խոշոր չափերի խարդախության, հարկերից խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ: Բանտում նրան ծեծել են, ինչից հետո իրավապաշտպանի ձախ աչքը չի տեսնում: Ավելի ուշ ձերբակալեցին նաեւ նրա ամուսնուն, որը խրոնիկ հիպերտոնիա ունի: Լեյլա Յունուսին դատապարտեցին 8.5, ամուսնուն՝ 7 տարի ժամկետով ազատազրկման:
«Հաշվի առնելով նրանց թույլ առողջությունը, դատավճիռը կարելի է որպես մահապատիժ դիտարկել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին տարիներին կրկնակի ուժով է հետապնդում լրագրողներին, փաստաբաններին, իրավապաշտպաններին, եւ շուրջ 100 մարդ արդեն բանտերում է՝ շինծու մեղադրանքներով: Ալիեւը փորձում է նրանց ստիպել ընդմիշտ լռել»,- գրել են հոդվածի հեղինակները:
Նրանք նաեւ նշել են, որ Յունուսներն այն համարձակ գիտնականներից ու ակտիվիստներից են, որոնք սեփական օրինակով փորձում էին ցույց տալ, որ խորհրդային ժամանակաշրջանի դաժանությանն ու փակ մտածելակերպին վերջ է դրվել: Նրանք ձգտում էին «հաղթահարել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բաժանումը», սակայն ազնվության համար «նրանց խարդախ եւ Հայաստանի գործակալ կոչեցին, եւ հիմա նրանք փտում են բանտում դաժան ինքնակալի քմահաճույքի պատճառով»:
«Ցավոք, պարոն Ալիեւը քննադատություն չի ընդունում: Նրա ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանում լիարժեք հարգում են դատարանների անկախությունն ու օրենքի գերակայությունը: Եվ նման անհեթեթությունն ասվեց առանց ամոթի նշույլի»,- ասված է հոդվածում:
Ըստ հեղինակների, բոլոր նրանք, ովքեր հարգում են ազատության ջահը, որը կրում էին Լեյլա եւ Արիֆ Յունուսները, պետք է հնարավոր ամեն ինչ անեն՝ ապացուցելու համար, որ պարոն Ալիեւը ճիշտ չէր:





























