Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը ծեծելու մասին լուրերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիմակիցները «կլյաուզա» են որակում: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր Մհեր Սեդրակյանին՝ մեկնաբանություն ստանալու համար: Հեռախոսին պատասխան տղամարդը, ով ներկայացավ որպես օգնական, նշեց, որ Մհեր Սեդրակյանը Հայաստանում չէ, կվերադառնա սեպտեմբերին:
Նա հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե Մհեր Սեդրակյանի հարազատները ծեծի են ենթարկել Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը: «Մենք ոչ ճանաչում ենք, ոչ կապ ունենք: Վլադիվաստոկում էլ են մարդ բռնում ծեծում, մեր անունն են տալիս, ով ուզում է իրեն հռչակի, Սեդրակյան Մհերի անունն է տալիս: Ով ծեծել է, օրգան կա, բան կա, թող էթան, բռնեն, տանեն: Մենակ Սեդրակյան Մհերին չճանաչող մարդը կարա տենց կլյաուզա անի, իսկ ով գալիս է, իր հետ ծանոթանում, ասում է՝ ինչ աստվածային մարդ ես դու»,-ասաց օգնականը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները ծեծի են ենթարկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և կնոջը` նրանց երկու տարեկան երեխայի ներկայությամբ: NEWS.am-ի հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը ասաց,, որ այդ քայլով իրենից ու իր ընտանիքից «պատասխան են պահանջել» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ իր հնչեցրած քննադատությունների համար: Նրա խոսքով` երկու տարի առաջ ինքն ուսումնասիրում էր Վրաստանի գազամատակարարման համակարգը և մի քանի անգամ հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում չարաշահումների մասին հրապարակումներով։ Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն Հայաստանում ունի գազալցակայաններ, որոնք մատակարարվում են «Գազպրոմ Արմենիայից»:





























