KWF բանկի հատկացրած վարկային միջոցներով Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծ է կառուցվում, որով մեր երկիրը կկարողանա էլեկտրաէներգիա արտահանել: Այս մասին օգոստոսի 17-ին «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, ներկայում Հայաստանը շատ մեծ ծրագրեր է սկսում Իրանի Իսլամական հանրապետության հետ: «Շուրջ 10 օր առաջ մենք պայմանագիր ստորագրեցինք երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին: Մենք Իրան-Հայաստան գազատար ունենք, որով գազի մատակարարման ծավալի հզորությունը տարեկան կազմում է 2 մլրդ խորանարդ մետր: Հիմա մենք ստանում ենք 400-500 մլն խ.մ. տարեկան, եւ այդ գազի փոխարեն Իրանին էլեկտրաէներգիա ենք մատակարարում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր՝ երրորդ գիծը, որի արժեքը 107 մլն եվրո է, հնարավորություն կընձեռի ակտիվացնել երկի տնտեսությունը: «Կարծում եմ՝ գծի շինարարությունն ավարտին կհասցնենք առավելագույնս 2 տարում»,- հավելեց վարչապետը: