Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 2-ը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, բայց ազգությամբ՝ հայեր: NEWS.am-ի Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 4 հոգին ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ դուրս գրվել:
Տուժածներից մեկն այժմ գտնվում է Գյումրիի հիվանդանոցի Վնասվածքաբանության բաժանմունքում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մյուս տուժածին էլ դրենավորել են եւ ուղարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանք երկուսն էլ Անգլիայի քաղաքացիներ են, հյուր էին եկել Ջաջուռ:
Տուժածների մոտ հայտնաբերվել է կողերի, սրունքի կոտրվածք, ջնջխված վերքեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ուեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 20 UU 670 պ/հ (վարորդ` 35-ամյա Օ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել կողապատնեշին եւ սահել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 22-ամյա Ս. Մ.-ն, 35-ամյա Օ. Պ.-ն, 21-ամյա Ս. Պ.-ն, 17-ամյա Ռ. Պ.-ն, Վ. Թ.-ն եւ 17-ամյա Խ. Դ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:





























