Կառավարությունը հերթական անպատվաբեր, ամոթալի եւ խայտառակ որոշումն է կայացրել՝ 30 մլն դոլարով վաճառելով Մարզահամերգային համալիրը: Այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

«Հասկանալի է, որ համալիրը պետական բյուջեով պահելը դժվար է, ծանր բեռ է, իսկ կառավարությունն էլ վիզ դրած ուզում էր ազատվել այդ բեռից եւ դա արեց»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ կառավարության որոշման մեջ անհասկանալի եւ անթույլատրելի կետեր կան, մասնավորապես հյուրանոցների, ընտանեկան ժամանցի եւ կազինոյի հետ կապված:

«Տրամադրվում է հարակից տարածք, բայց ո՞ր տարածքը հատկապես: Ոչ մի քարտեզ չկա, ոչ մի բան, կարո՞ղ է Եղեռնի հուշահամալիրն էլ է մտնում այդ հարակից տարածքի մեջ: Առավել անհասկանալի է կազինոյի թույլտվությունը Երեւան քաղաքի մեջ, որը, սակայն օրենքով չի թույլատրվում»,- ասաց նա:

Անահիտ Բախշյանին մտահոգում է նաեւ այն, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կառուցում են նմանատիպ ժամանցի կենտրոն կազինոյով:

Չնայած վաճառքի հետ կապված բողոքներին՝  Անահիտ Բախշյանը կարծում է, որ ինչքան էլ «թքեն, մրեն», միեւնույնն է՝ իշխանությունները որոշումը կայացրել են, ինչպես արեցին Փակ շուկայի, Աֆրիկյանների շենքի դեպքում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվում է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Վերջինս պարտավորվում է 4 տարվա ընթացքում համալիրի տարածքում ստեղծել զվարճանքի կենտրոն, այդ թվում խաղատուն, հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ: