Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» բռնաբարության սպառնալիքի մասին հայտնի հայտարարության հետքերով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս անգամ դիմել է ԱԺ Էթիկայի հարցերով մշտական հանձնաժողովին: NEWS.am_ի տեղեկություններով՝ Սաքունցը պահանջում է քննության առնել Առաքել Մովսիսյանի վարքը, մասնավորապես՝ նրա հայտարարությունը:
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ դիմում են ստացել, սակայն նշեց, որ օրենքը թույլ չի տալիս բացահայտել դիմումի բովանդակությունը: Պատգամավորն ասաց, որ հանձնաժողովի անդամներին արդեն տեղեկացրել են, որ դիմում կա, եւ առաջիկայում օրենքով սահմանված ժամկետներում նիստ կգումարեն՝ քննության առնելու այն: Հավանաբար Էթիկայի հանձնաժողովը նիստ կգումարի օգոստոսի 30-ին կամ սեպտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխա տեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»:Այս հայտարարությունից հետո՝ 2015թ հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են, այստեղից էլ նյութերն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար: ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը:





























