Յալթայում ադրբեջանցի երիտասարդի ողբերգական սպանությունն ազգամիջյան հարաբերությունների հետ կապ չունի: Այս մասին հայտարարեց Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով երիտասարդ ձեռներեց Ռահիլ Մեհտիեւի սպանության հանգամանքների առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները:

Համայնքի ղեկավարի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել շուկայում, սպանությունը կենցաղային հողի վրա է: «Մի կնոջից ելակ են գողացել, երիտասարդը պաշտպանել է կնոջը: Գողն օգնության է կանչել համախոհներին, արդյունքում երիտասարդին դանակի հարված են հասցրել»,- պատմեց Վաղարշակ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ անկախ ազգային պատկանելությունից՝ սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել:

Մելքոնյանը դժվարացավ հստակ նշել, արդյո՞ք հանցագործին բռնել են, սակայն ընդգծեց, որ եթե անգամ ենթադրյալ մարդասպանն ազգությամբ հայ է, վստահաբար Ղրիմի հայ համայնքի անդամ չէ:

«Որքանով ինձ է հայտնի, սպանվածն անհատ ձեռներեց եւ լավ երիտասարդ էր: Ցավակցում ենք նրա հարազատներին»,- նշեց Վաղարշակ Մելքոնյանը՝ հավելելով, որ այս հարցով արդեն զրուցել է Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: