Իր իսկ բնակարանում կացնահարված Երեւանի բնակիչ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը մշտապես եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա նախկինում դատված է եղել, եւ մշտապես խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ավելին, գողության համար դեպքից մոտ 4 օր առաջ նրան նորից տարել էին ոստիկանության բաժին:
Երկու եղբայրները ապրում էին միասին, մայրը ապրում էր մյուս եղբոր հետ: Սպանությունից հետո եղբայրը դուրս էր եկել տանից, իսկ մայրը, գալով որդիներին տեսության, սարսափելի տեսարանի էր ականատես եղել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ սպանության մեջ կակսածվող եղբայրը հոգեկան խնդիրներ է ունեցել, իսկ տարաձայնությունները եղել են կենցաղային բնույթի՝ «սա մի արա, դու ստեղ քնի, ես սա չեմ անի» եւ այլն: Եղբայրը ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպես է եղել սպանությունը, որտեղ է թաքցրել կացինը ու հագուստը:
Երկու եղբայրներն էլ ամուսնացած չեն ու չեն աշխատում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 07:30-ի սահմանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:





























