Շիրակի մարզի «Գլենդել Հիլզ» ընկերության՝ Ախուրյան գյուղում իրականացվող շինարարության ութ աշխատակիցներ արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում իրենց աշխատավարձերը ստանալ:

NEWS.am-ի խմբագրություն դիմած աշխատակիցներից Ֆրունզիկ Մկոյանը հայտնեց, որ ինքն արդեն մեկ տարի է՝ չի աշխատում «Գլենդել Հիլզ»-ում, սակայն առ այսօր չի ստացել իր 3 ամսվա գումարը:

«Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, նաեւ Հանրապետության նախագահին, վարչապետին, քաղաքաշինության նախարարին՝ խնդրելով օգնել ստանալ մեր աշխատավարձերը: Սակայն մեր բոլոր դիմումները հասցեագրվել են «Գլենդել Հիլզ» ընկերությանը: Բոլորին դիմել ենք, բայց անօգուտ, ոչինչ չի արվում»,- ասաց Ֆրունզիկ Մկոյանը:

Հարցի վերաբերյալ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին հետեւյալը. «Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են: Չի կատարվել բացառապես վերոհիշյալ 8 աշխատակցի աշխատավարձի վերջնահաշվարկը, որոնք բոլորն էլ նյութական արժեքների պատասխանատուներ են: Ներկայում ընկերությունն իրականացնում է իրեն պատկանող նյութական արժեքների գույքագրում և հավաքագրում շինհրապարակներից: Ուստի վերջնահաշվարկը կկատարվի այս գործընթացի ավարտից հետո միայն»:

Աշխատակիցները, սակայն, մեզ զրույցում պնդեցին, որ նյութական պատասխանատվության խոսք անգամ լինել չի կարող, որովհետեւ իրենցից եւ ոչ մեկը նյութական ոչինչ չունի այնտեղ. «Ընկերությունը նյութական պատասխանատվության մասին սկսեց խոսել միայն, երբ մենք բողոքեցինք։ Մինչեւ այդ ինչո՞ւ չէին ասում դրա մասին։ Բացի դրանից՝ աշխատավարձ չստացածներս աշխատել ենք՝ որպես քարտուղար, կռունկավար, բանվոր, ի՞նչ նյութական պատասխանատվության մասին է խոսքը»։