ԱՄՆ-ի բնակիչները համաձայն են կինոթատրոնների տոմսերի գնի ավելացմանը, եթե դահլիճներում ուժեղացվեն անվտանգության միջոցառումներ: Այս մասին գրում է Variety-ն՝ վկայակոչելով սպառողական պահանջի ուսումնասիրության մեջ մասնագիտացած C4 ընկերությանը: Խոսքը մետաղորսիչների տեղադրման եւ կինոթատրոններում անվտանգության պահպանության ծառայության զինված աշխատակիցների ներկայության մասին է:

Ամերիկյան կինոդահլիճներում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո հարցման մասնակիցները սատարել են անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման գաղափարը: Հարցվածների գրեթե 50%-ը պատրաստ է տոմսի համար 1 դոլարով ավելի վճարել՝ լրացուցիչ միջոցառումների համար, 23%-ն էլ համաձայն է 2 կամ ավելի դոլար ավելի վճարելուն:  

Սակայն մասնագետները վստահեցնում են, որ գների այդպիսի փոփոխությունը չի ծածկի պայուսակների սքանավորման եւ մետաղորսիչների ծախսերը, եւ տոմսերի թանկացումը կարող է զգալիորեն ավելին լինել:

Օգոստոսի 6-7-ն անցկացված հարցմանը 500 մարդ է մասնակցել: