Գերմանիայի ոստիկանությունը փնտրում է գողերին, որոնք մտել են խմիչքների խանութ, բացել գարեջրի 1200 շշեր եւ գողացել դրանց կափարիչները:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ի գիշերը Մյուլհայմ ան-դեր-Ռուր քաղաքում: Գողերը տարել են բացառապես Koenig Pilsner տեսակի գարեջրի կափարիչները: Ընդ որում, գողերը շշերին ձեռք չեն տվել, նրանց հետաքրքրել են միայն կափարիչները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Քննիչները կարծում են, որ գողերը հույս ունեն միավորներ հավաքել եւ մրցանակ շահել ընկերության հայտարարած գովազդային արշավի շրջանակներում:
Հանցանքի վայրում ընկած են եղել բազմաթիվ «պարտված» կափարիչներ, որոնց վրա գրված է եղել. «Հաջողություն, կրկին փորձիր»:
Ոստիկանները նշում են, որ հաշվի առնելով գողացված կափարիչների թիվը, գողությունը միայնակ չի կատարվել:





























