Նախագահի հետ հանդիպման հրավեր չի եղել, բայց ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք չպատճառաբանված բարդույթներ ունեն, մենք որեւէ կոմպլեքս չունենք նախագահի հետ հանդիպելու եւ ներկայացնելու մեր տեսակետները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա շեշտեց, որ շատ ավելի ճիշտ ու գրագետ է հանդիպել եւ ներկայացնել դիրքորոշումները, քան պատերի տակ թաքնված ինչ-որ դիրքորոշումները հայտնել:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր համար խիստ անհասկանալի է, թե ինչու է ամբողջ լրատվական դաշտը սեւեռված, որ ԲՀԿ-ն պաշտոնական կարծիք չի հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

«Անգամ ՀՀԿ-ն սահմանադրական առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կուսակցության պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը եւս պաշտոնական կարծիք չեն հայտնել, ինչքանով ես եմ տեղյակ, պաշտոնական կարծիք հայտնել է ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը:  Ավելին՝ ՀՀԿ-ական տարբեր գործիչներ իրարարամերժ արտահայտություններ են անում փոփոխությունների վերաբերյալ: ԲՀԿ-ի վրա ֆիքսացիան ինձ համար հասկանալի չէ կամ էլ խիստ հասկանալի է: Երբ ԲՀԿ-ն հարմար գտնի, իր դիրքորոշումը կհայտնի: Խորհուրդ եմ տալիս որեւէ մեկին չթելադրել մեզ, թե ինչպես ձեւավորել օրակարգ: Մեզ համար շատ ավելի կարեւոր հարցեր կան, քան ինչ-որ մեկի հրապարակումը, թե ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չի հայտնել: Լավ ենք արել, չենք հայտնել, դա մեր իրավունքն է»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, իրենց համար կարեւոր է, թե սահմանադրական մասնագիտական հանձնաժողովը հանելու է ընտրությունների երկրորդ փուլը, թե ոչ: «Վենետիկի հանձնաժողովը եկող շաբաթ կլինի Հայաստանում, կաշխատենք ինքներս հանդիպել նրանց հետ, ներկայացնել մեր մտահոգությունները, տեսակետները, առաջարկները: Մենք ենք որոշում մեր քաղաքական օրակարգը եւ երբ նպատակահարմար գտնենք հայտնելու դիրքորոշում, այդ ժամանակ էլ կհայտնենք: ԲՀԿ-ն չի լռել ու չի լռում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: