Իրավապաշտպան Լեյլա Յունուսին տեղափոխել են քննչական մեկուսարանի բուժկետ այն բանից հետո, երբ գերմանական Charite հիվանդանոցի պրոֆեսոր Քրիստիան Վիտը բուժզննում է անցկացրել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է փաստաբան Իլքին Ղամբարովը:
Օգոստոսի 18-ին փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալին: Նրա խոսքով, Լեյլա Յունուսի բարոյական վիճակը լավ է: Պրոֆեսոր Կ. Վիտը զննել է նաև Արիֆ Յունուսին: Փաստաբանի խոսքով, պաշտպանական կողմն այժմ Յունուսների գործով նոր բողոքարկում է նախապատրաստում:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ ամուսնուն` 7 տարվա` ունեցվածքի բռնագրավմամբ:
Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի ՔՕ-ի 178.3.2 (խոշոր չափերի խարդախություն), 192.2.2 (անօրինական ձեռնարկատիրություն) 213.2.2 (հարկերի վճարումից խուսափում) և 320.1 320.2 (փաստաթղթերի կեղծում) հոդվածներով:
Ադրբեջանի ՔՕ 274 (պետական դավաճանություն) հոդվածով ամուսիններին ներկայացված մեղադրանքի համար առանձին հետաքննություն է ընթանում:





























