Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նովայա Գազետային» իր տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչեւ 2008 թվականի պատերազմի սկսվելը, ինքը փորձել է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, քանի դեռ դա հնարավոր էր: Ես արել եմ ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլիներ, հայտարարել է նա:
«Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի պատերազմ չլինի եւ ուզում եմ ձեզ հիշեցնել, թե դա ինչպես է եղել: Սկսենք նրանից, որ Վրաստանը Հարավային Օսիայի պատճառով պատերազմի մեջ չէր մտնի: Հանուն Աբխազիայի` հասկանում եմ, հնարավոր է (…): Բայց Հարավային Օսիան կազմված է շախմատաձեւ դասավորված վրացական եւ օսական գյուղերից` քառասուն հազար մարդ, լեռներ, մենք ստիպված եղանք հակազդել միմիայն մի պատճառով. թունելն անցնելով` ռուսական բանակը կհայտնվեր հարթավայրում եւ կկարողանար գնալ, ուր ուզենար: Սադրանքի նպատակն Օսիան չէր, ոչ էլ նրա բնակչության պաշտպանությունը. Չե՞ ք նկատել, որ ռուսական բանակը միշտ ինչ-որ մեկին պաշտպանելու համար է մտնում: Նպատակը հենց Վրաստանն էր, որպես այդպիսին, եւ որ մյուսներին խրատ լինի: Պետք էր ցույց տալ, թե ինչ է պատահում նրանց, ով ցանկանում է ինքնուրույն զարգանալ»,-պատմել է Սահակաշվիլին:
Պատասխանելով այն հարցին, թե հավանաբար պետք էր պայմանավորվել, որովհետեւ պարզ էր, որ այդ դիմակայության մեջ Վրաստանը շանսեր չունի, Սահակաշվիլին նշել է, որ ինքը «պայմանավորվել է, քանի դեռ դա հնարավոր էր»:
«Աստանայում ԱՊՀ-ի գագաթնաժողով էր, Մեդվեդեւն էր եկել եւ անընդհատ խույս էր տալիս ինձնից, իսկ ես հասնում էի հետեւից. Դա նույնիսկ զվարճալի կլիներ, եթե առկա չլիներ մոտեցող պատերազմի համատեքստը»,-ասել է նա:
Ընդ որում, Սաակաշվիլին հերքել է իր հանդեպ Պուտինի անձնական ատելության մասին ենթադրությունը` նշելով, որ Պուտինը պրագմատիկ մարդ է եւ անձերով քիչ է հետաքրքրվում:
«Նա իմ հանդեպ ոչ մի անձնական ատելություն չունի: Նա վաղուց էր նախատեսել պատժել Վրաստանին: Նպատակաուղղվածորեն: Եթե նկատել եք, նա երբեք հանպատրաստից արձագանքներ չի ունենում, դա նրա ոճը չէ: Եվ Ղրիմին էլ նա վաղուց էր որոշել տիրանալ, ես հավատում եմ այն վկայություններին, թե այդ պլանը վաղուց էր մշակվել: Պետք չէ կրկնել այն հիմարությունը, իբր, եթե մայդանը չլիներ, Ղրիմն ուկրաինական կլիներ… Յանուկովիչը ոչ մի հանգամանքում, ոչ մի ճնշման եւ շանտաժի արդյունքում չէր հաղթի ընտրություններում: Նշանակում է` ուրիշները կընտրվեին, որոնց արագ կարգով «բանդերականներ» կհայտարարեին ու հենց նույն կերպով կպոկեին Ղրիմը: Ես լինեի Վրաստանի ղեկավարը, թե չէ, սցենարը նույնն էր լինելու: Իսկ անձամբ իմ հանդեպ նա ոչինչ էլ չի զգում, ընդհանրապես անձերով քիչ է հետաքրքրվում: Պրագմատիկներն էդպիսին են»,-ասել է Սահակաշվիլին:





























