Ռուսաստանյան սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը` Ժաննան դատարանում բողոքարկել է հետաքննության անգործությունը իր հոր սպանության կազմակերպիչների եւ պատվիրատուների մասով, հաղորդել է նրա փաստաբանը:

«Այսօր Մոսկվայի Բասմանյան դատարան բողոք եմ ներկայացրել, որում խնդրում ենք անօրինական ճանաչել ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց անգործությունը, որոնք զերծ են մնացել սպանության պատվիրատուներին եւ կազմակերպիչներին ի հայտ բերելուց», - Ինտերֆաքսին հաղորդել է տուժածների փաստաբան Վադիմ Պրոխորովը:

Փաստաբանը պարզաբանել է նաեւ, որ իր բողոքում հարց է բարձրացրել հետաքննության որոշումներից մեկի անօրինականության մասին: Խոսքը այն որոշման մասին է, որով հրաժարվել են հարցաքննել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին, «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալ Ռուսլան Գերեմեեւին, Հյուսիս» գումարտակի հրամանատար Ալիբեկ Դելիմխանովին եւ Դաշնության խորհրդի անդամ  Սուլեյման Գերեմեեւին:

Նեմցովին սպանել էին 2015-ի փետրվարի 27-ին Մոսկվայի Մոսկվորեցկի կամրջի վրա: