«Նաիրիտ» գործարանի նախկին մոտ 5 տասնյակ աշխատակիցներ այսօր`օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մոտ`պահանջելով պատասխանել դեռ հուլիս ամսին նախարարին ուղղված իրենց  նամակին:

«Դեռ հուլիսի 18-ին նախարարին ուղղված նամակ էինք հանձնել` պահանջելով պարզաբանել մեր հետ կնքված պայմանագրի մի քանի կետեր: Այդ կետերից մեկը վերաբերում էր նրան, որ աշխատավարձերը խոստացված ժամանակում պատշաճ չվճարելու դեպքում գործարանի հետ աշխատակիցների կնքած պայմանագրերը` տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին, անվավեր ճանաչվեն, մյուս կետը վերաբերում է տույժ-տուգանքներից հրաժարվելու կետի իրավաչափ լինելուն, նաեւ հարցադրում էինք արել, թե աշխատավարձերի ուշացման համար դատարան դիմած եւ դատը շահած նաիրիտցիների ծախսերն ինչպես են փոխհատուցվելու: Մեզ նախարարությունում ոչ ոք չընդունեց, եւ մենք նորից չստացանք մեր հարցերի պատասխանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից, համակարգող խմբի անդամ  Կարինե Շահվերդյանը` նշելով, որ նամակների բաժնում իրենց հորդորել են այդ հարցով դիմել գործարանի տնօրենին:

Կարինե Շահվերդյանը նշեց, որ իրենք այս պահանջով այլեւս բողոքի ակցիաներ չեն անցկացնի, բայց սեպտեմբերի սկզբին կսկսեն բողոքի ակցիաները գործարանի վերագործարկման պահանջով:

Նշենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը:

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: