Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում անչափահաս աղջկա սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Նրա եղբայրները գլխատել են աղջկան, իսկ հետո գյուղով մեկ շրջել են՝ ցուցադրելով նրա կտրած գլուխը:
Հաշվեհարդարը տեղի է ունեցել Շահջահանփուր քաղաքի մոտ գտնվող Բամանի Չոուկի գյուղում, հաղորդում է The Times of India-ն: Մեղադրյալները 25-ամյա Գյուլ Հասանն է եւ նրա 20-ամյա եղբայր Նանհին:
Նրանց քույրը՝ Ֆուլ Ջահանը, ցանկություն է ունեցել ամուսնանալ իր հորեղբոր որդու հետ: Երկուշաբթի եղբայրներն իմացել են, որ քույրը գիշերել է իրենց զարմիկ Մուհամեդ Աչանի տանը:
Նրանք մեծ դանակով հարձակվել են աղջկա վրա: Հաշվեհարդարի ականատես են եղել տասնյակ մարդիկ,, հաղորդում է India Today-ը:
Կտրելով աղջկա գլուխը, երիտասարդները շրջել են գյուղով մեկ, ցույց տվել կտրած գլուխն ու հայտարարել, որ պատժել են իրենց քրոջը արտամուսնական սիրային կապի համար, հաղորդում է NEWSru.com-ը:
Ենթադրյալ մարդասպանները մոտ կես ժամ շրջել են գյուղում, հայտարարելով, որ հետո ինքնակամ կներկայանան ոստիկանություն: Սակայն նրանք այդպես էլ չեն հանձնվել իշխանություններին, այլ դիմել են փախուստի:
Ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել նրանց: Փոխարենը կալանավորել են Մուհամեդ Աչանին:





























