ԱՊՀ երկրների ղեկավարներն ու կառավարության ղեկավարները, ինչպես նաեւ արտգործնախարարները հանդիպումներ կունենան հոկտեմբերին: Այդ մասին օգոստոսի 19-ին Մինսկում հաղորդել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Մինսկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվում է աշնանը Համագործակցության գերագույն մարմինների նիստերի օրակարգը:

«Աստանայում հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Պետության ղեկավարների խորհրդի նիստը, իսկ նախօրեին, ավանդույթի համաձայն, կհավաքվեն Արտգործնախարարները: Հոկտեմբերի երեսունին Դուշանբեում տեղի կունենա կառավարության ղեկավարների խորհրդի նիստը»,-լրագրողներին ասել է Լեբեդեւը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նախատեսվում է, որ պետության ղեկավարների քննարկմանը կդրվեն ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակին եւ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի  30-րդ տարելիցին նվիրված փաստաթղթեր: Բացի այդ, պետությունների ղեկավարները փաստաթղթեր կընդունեն միգրացիայի, հանցավորության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման, սահմանների պաշտպանության եւ ռազմական ոլորտում համագործակցության մասին:

Արտգործնախարարների խորհուրդը կքննարկի ավելի քան 20 հարց, այդ թվում նաեւ` եկող տարի ԱՊՀ-ի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումների նախագիծը:

Կառավարությունների ղեկավարների նիստին կքննարկվի ավելի քան 30 հարց, հիմնականում` տնտեսական բնույթի, այդ թվում նաեւ` ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի իրականացման հարցը: