Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով արդեն 21 տարի անազատության մեջ գտնվող ազատամարտիկ, հաշմանդամ, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի ինքնազգացողոթյունը վատացել է, նա օգոստոսի 18-ին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ Վերակենդանացման բաժանմունք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից:

«Հիվանդը երեկ է տեղափոխվել մեզ մոտ, հիմա վերակենդանացման բաժնում է, նրա մոտ ախտորոշվել խրոնիկ բրոնխիտ, սրտի հետ կապված խնդիրներ, խրոնիկ ծանր հիվանդ է, դեղերը պարբերաբար չօգտագործելու պատճառով նման վիճակում է հայտնվել»,-հայտնեցին հիվանդանոցից:

ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատապարտյալի ինքնազգացողությունը կտրուկ վատանալուց հետո նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի ախտորոշում արվի եւ որոշվի, թե հետագա բուժումը որտեղ է անցկացվելու:

ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավարը նշեց, որ դատապարտյալի բոլոր դեղերը ժամանակին տրվել են, եւ նրա առողջության կտրուկ վատացման մասին լրացուցիչ պարզաբանում կտրվի:

 

Նշենք, որ 1995թ. Սողոմոն Քոչարյանը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն հետո պատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ:  Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:

 

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու խնդրանքով դիմել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Դատախազությունը մերժել էր վերանայման վարույթ հարուցել: Սողոմոն Քոչարյանի փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը դատախազության որոշումը վիճարկել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Նա պահանջել էր վերացնել այդ որոշումը եւ պարտավորեցնել նոր երեւան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ: