2015 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ  կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան եւ Հայաստանի գործատուների հանրապետական  միությունը՝ ՀՀ աշխատանքային  օրենսգրքի համաձայն, ստորագրել են Հանրապետական  կոլեկտիվ  պայմանագիր, որով սահմանվում են  սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ եւ Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կոլեկտիվ պայմանագիրը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության եւ համերաշխության կայացմանն ու զարգացմանը:

Պայմանագիրը միտված է նաեւ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացներում սոցիալական գործընկերների հնարավորինս լայն մասնակցության ապահովմանը, ինչպես նաեւ գործատուների  եւ  արհմիությունների ինստիտուցիոնալ  եւ  գործառնական կարողությունների զարգացմանը:

Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, նախատեսվում է ձեւավորել եռակողմ հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար թվաքանակով:

Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի երեք տարի ժամկետով: