Թաիլանդի ոստիկանությունը Բանգկոկում ահաբեկչական գործողություն իրականացնելու կասկածանքով ձերբակալել է Ֆրանսիայի մի քաղաքացու, հաղորդում է   Thai PBS հեռուստաալիքը:

Իրավապահ մարմինների տվյալներով, մարդը, որի անձնագրային անունն է` Լուի Նելսոն Դավիդ Մարի Դելապալմ (Louis Nelson David Marie Delapalme) օգոստոսի 18-ին փորձել է Բանգկոկից մեկնել British Airways ընկերության չվերթով: Բայց թաց անձնագրի պատճառով նրան թույլ չեն տվել ինքնաթիռ մտնել: Օտարերկրացուն օգնության են հասել Բանգկոկի զբոսաշրջային ոստիկանության աշխատակիցները, որոնց աջակցությամբ նա կապվել է ֆրանսիական դեսպանատան հետ, հաղորդում է Lenta.ru-ն:

Ոստիկաններից մեկը Դելապալմի աջ ձեռքին վերք է նկատել: Դա նրան կասկածելի է թվացել. ոստիկանը հիշել է, որ տեսագրություններում կասկածյալի ձեռքերը վիրակապված էին: Համարելով, որ զբոսաշրջիկը արտաքինից եւս նման է ահաբեկչին, որի պատկերը տարածվել էր ամբողջ քաղաքով մեկ, օրենքի պահապանները ֆրանսիացուն կալանավորել են հարցաքննության համար: 

Ինքը` ձերբակալվածը, կտրականապես հերքում է իր մեղքը եւ պնդում, որ ձեռքը օձն է կծել երկրի հյուսիսում գտնվող Չյանգմայ քաղաքի տեսարժան վայրեր այցելության ժամանակ: