2015-2016 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին եւ տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` օգոտոսի 24-29-ը մարզերում եւ Երեւան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու եւ չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ՀՀ մարզեր կմեկնեն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը եւ Կարինե Հարությունյանը, նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին կայցելի ՀՀ Տավուշի, օգոստոսի 25-ին` Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր, իսկ օգոստոսի 28-ին եւ 29-ին ներկա կլինի Երեւան քաղաքի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:
Մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին:





























