Եվրամիությունը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու` Արիֆի վերաբերյալ կայացված դատավճռի առիթով: Այդ մասին հաղորդում է contact.az-ը:

ԵՄ-ի Գերագույն ներկայացուցչի` Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ այդ առիթով ասված է. «Այդ գործին առնչվող իրավական գործընթացներն անցել են լուրջ թերություններով: ԵՄ-ը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին եւ վերանայել նրանց գործը »:

Հիշեցնենք, որ Բաքվի` ծանր հանագործություններով զբաղվող դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5, իսկ ամուսնուն` 7 տարվա ազատազրկման` ունեցվածքի բռնագրավմամբ:

Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի ՔՕ-ի 178.3.2 հոդվածով (խարդախություն` խոշորածավալ վնաս հասցնելով):

Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի ՔՕ-ի 178.3.2  (խոշոր չափերի խարդախություն), 192.2.2 (անօրինական ձեռնարկատիրություն) 213.2.2 (հարկերի վճարումից խուսափում) եւ  320.1 320.2 (փաստաթղթերի կեղծում) հոդվածներով:

Ադրբեջանի ՔՕ 274 (պետական դավաճանություն) հոդվածով ամուսիններին ներկայացված մեղադրանքի համար առանձին հետաքննություն է ընթանում: