Բանգկոկում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող երկու մարդ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն, հաղորդում է BBC-ին` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Իշխանությունների տվյալներով, հանձնվածները պնդում են, թե զբոսաշրջային գիդեր են: Նրանց նկարահանել է անվտանգության տեսախցիկը ահաբեկչական գործողությունից կարճ ժամանակ առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Օգոստոսի 17-ի երեկոյան Բանգկոկի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողությունը 20 մարդու կյանք է խլել, 123 հոգի վիրավորվել է, նրանց մեծամասնության վիճակը ծանր է: Ինքնաշեն, ռադիոկապով կառավարվող ռումբը տեղադրվել էր հինդուիստական Էրավան աստվածության (երեքգլխանի սրբազան փղի) սրբավայրի ցանկապատի մոտ, երբ այնտեղ հատկապես շատ այցելու կար, որոնց մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին:





























