ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով ներկաներին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ պատվիրակության առաջին հանդիպումը պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պատկերացում կտա Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի եւ վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված հաջողությունների մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է Ազգային ժողովի, որպես պետական համակարգի կարեւոր ինստիտուտի դերակատարությունը, նշելով, որ քաղաքացիները աստիճանաբար պետք է զգան օրենսդիր մարմնի ազդեցությունը:

Քննարկմանը կողմերը կարեւորել են երկու հանրապետությունների Մարդու իրավունքների ինստիտուտների համագործակցության հնարավոր ուղիները եւ աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը եւ ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: