Չինաստանը հիմնարար մարտահրավեր է ԱՄՆ-ի ռազմավարության համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախկին Պետքարտուղար Հենրի Քիսինջերը National Interest-ի գլխավոր խմբագրին թերթի երեսունամյակի առիթով տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի խնդիրն այն է, որ ամերիկացիները չեն հասկանում Չինաստանի պատմությունն ու մշակույթը: Իր տարածաշրջանում արդեն երեք հազար տարի տիրապետող դիրք ունեցող երկիրը իրականության անբաժանելի մասն է, եւ ԱՄՆ-ը պիտի հասկանա դա: «Ես ենթադրում եմ, որ նրանց մտածողությունն իր հիմքում չինակենտրոն է, բայց այն կարող է ամբողջ աշխարհին վերաբերող հետեւանքներ ունենալ: Այսպիսով` Չինաստանի մարտահրավերն անհամեմատ ավելի նուրբ խնդիր է, քան Խորհրդային Միությանը»,- հայտարարել է Քիսինջերը:
Մինչ ԽՍՀՄ-ի հետ խնդիրը մեծ մասամբ ռազմավարական բնույթի էր, Չինաստանի խնդիրը ԱՄՆ-ի համար մշակույթի հարց է: «Կարո՞ղ են արդյոք երկու քաղաքակրություն, որոնք առնվազն ներկա պահին տարաձայնություններ ունեն, գոյակցության այնպիսի բանաձեւ մշակել, որն ապահովի համաշխարհային կարգ ու կանոնը»,-ինքն իրեն հարց է տալիս քաղաքագետը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ռուս-չինական մերձեցումը, Քիսինջերը նշել է, որ այն կողմերից ոչ մեկի էությունից չի բխում` ավելացնելով, որ դա մասամբ տեղի է ունենում այն պատճառով, որ ամերիկացիները ռուսներին այլընտրանք չեն թողել:





























