Հայաստանի Ազգային Ժողովում սկզբունքների եւ գաղափարների պայքար է ընթանում, երեկոյան ժամը վեցից հետո բոլորն ընկեր են դառնում, բոլորը միասին հարցեր են լուծում, հետո նաեւ խնամի են դառնում: Այդ մասին օգոստոսի 20-ին Ծաղկաձորում համահայկական «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցներին ասել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչպես է գլուխ հանում խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների հետ:
«Նույնիսկ երբ Ազգային ժողովում վեճեր չեն լինում, ես նիստը դիտավորյալ այնպես եմ վարում, որ վեճ առաջանա, որովհետեւ եթե վեճ չլինի, քննարկում չլինի, սառած վիճակը չի կարող զտել-ստուգել օրենքները: Վեճն է իրական գործընթացներ ծնում»,-ընդգծել է Գալուստ Սահակյանը: Եթե վեճ չկա, ավելացրել է խորհրդարանի խոսնակը, երկիրը վերածվում է ավտորիտար պետության:





























