Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, չի կարելի հանգեցնել Արեւմտյան Եվրոպայում գործող սկզբունքների պարզ բանաձեւի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին Պետքարտուղար Հենրի Քիսինջերը National Interest թերթի երեսունամյակի առիթով գլխավոր խմբագիր Ջեք Հայլբրունին իր տված հարցազրույցում:
Նրա կարծիքով Ռուսաստանը Ուկրաինայի հետ իր հարաբերությունները միշտ կընկալի որպես առանձնահատուկ հարաբերություններ, դրանք երբեք չեն կարող սահմանափակվել ինքնիշխան պետությունների ավանդական հարաբերությունների շրջանակով:
Քիսինջերը կարծում է, որ գլխավոր հարցն այն է, թե ինչպես է սկսվել ուկրաինական ճգնաժամը` ավելացնելով, որ առաջին սխալը ԵՄ-ի անզգույշ պահվածքն էր: «Նրանք չէին հասկանում իրենց իսկ դրած պայմաններից որոշների հետեւանքները»,- նշում է քաղաքագետը:
Նա միաժամանակ ավելացնում է , որ ԱՄՆ-ը իրեն պասիվ պահեց, չեղավ ոչ մի քաղաքական քննարկում ոչ ԵՄ-ի, ոչ Ռուսաստանի հետ:
Ինչպես ենթադրում է դիվանագետը, կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքով ռացիոնալ էր գործում` մյուս կողմի մոլորությունների հիման վրա, մինչ Ուկրաինան գլորվում էր դեպի Մայդանի ապստամբություն:





























