Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հեռախոսով սպառնացել է սպանել նախագահական նստավայրի ուղղությամբ այսօր` օգոստոսի 20-ին, ձվեր նետելուց հետո բերման ենթարկված` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանը` ավելացնելով, որ ոստիկանապետը նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին:

«Արաբկիրի բաժնի պետը սենյակից բոլորին հանեց դուրս, ինձ փոխանցեց հեռախոսը, խոսողը ներկայացավ որպես Երեւանի ոստիկանության վարչության պետ, ես ձայնից էլ ճանաչեցի, որ Աշոտ Կարապետյանն է: Նա սկսեց սպառնալ, որ քեզ սպանելու ենք, սատկացնելու ենք, սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դրանից հետո ես ուղղակի հեռախոսը վերադարձրի տիրոջը, որը նույնպես կոպիտ եւ սպառնալից մի քանի արտահայտություններ արեց եւ դուրս եկավ»,- ասաց ակտիվիստը:

Գեւորգ Սաֆարյանի խոսքով`Արաբկիրի բաժնում մյուս ոստիկանների հետ խնդիրներ չեն եղել եւ ինքը ֆիզիկական բռնության չի ենթարկվել:

Ակտիվիստը նշեց, որ չի վախենում սպառնալիքներից: 

«Ես վաղուց եմ այդ պրոցեսների մեջ, չեմ վախենում սպառնալիքներից: Երբ տոտալիտար ռեժիմի դեմ ես պայքարում, միշտ էլ հավանականությունը կա, որ քեզ կարող են սպանել»,-ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Գեւորգ Սաֆարյանի հայտարարությունն անհեթեթություն անվանեց:

«Ի սեր Աստծո, ոստիկանության բարձրաստիճան սպան, առհասարակ ոստիկանը, ի՞նչ գործ ունի սեռական բնույթի հայհոյանքներ տալ, կամ սպառնալ, ինչի՞ մասին է խոսքը: Իր ասածներն անհեթեթություն եմ որակում, ուրիշ ոչինչ, շատ ծիծաղելի է: Ես իմ ենթակա անձնակազմին, ինչպես նաեւ իմ վերադասը` ինձ, աշխատում ենք սերմանել, որ լեքսիկոնում բացարձակապես հայհոյանքներ չլինի, քաղաքացիների հետ խոսել շատ կոռեկտ, հարգալից, ինտելեկտը բարձր»,- ասաց ոստիկանապետը` ավելացնելով`իրեն զեկուցել են, որ Գեւորգ Սաֆարյանին «տարել են, լավ չի պահել իրեն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Գեւորգյանի նկատմամբ կիրառված բռնությունը դատապարտող երթից հետո այսօր` օգոստոսի 20-ին, ոստիկանները բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, որը ձվեր էր նետել նախագահական նստավայրի ուղղությամբ: Բաժնում 3 ժամ պահվելուց եւ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո Սաֆարյանին ազատ են արձակել: