Հայաստանին չեն արգելափակի Եվրասիական տնետսական միության ծառայությունների միացյալ շուկայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռներեցության զարգացման դեպարտամենտի ձեռներեցության, ծառայությունների ու ներդրումների բաժնի ղեկավարի տեղակալ Ռինատ Գալիտդինովը:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանի ծառայություններ մատուցողների համար ռիսկային չէ այն հանգամանքը, որ միացյալ շուկայում նրանց մրցակիցներն են լինելու ավելի խոշոր ռուսական ընկերությունները, Գալիտդինովը պատասխանել է. «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը թույլ է տալիս անդամ երկրներին պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկել, բայց խիստ կանոնակարգված ձեւով: Ազգային կառավարությունները կարող են ինքնուրույն կողմնորոշվել՝ արդյոք կկիրառեն բացառություններ՝ այս կամ այն ծառայության ներքին շուկան պաշտպանելու նպատակով: Այդ բացառությունները գործելու են պետական տենդերներում:
Սահմանելով բացառություն՝ կառավարությունը պետք է այս մասին տեղեկացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Բացառումը չպետք է գերազանցի 2 տարին:
Դրանից հետո ԵՏՄ մյուս անդամ պետությունը, որի սուբյեկտների շահերը այս որոշումից կվանգվեն, կարող է պատասխան սահմանափակումներ ձեռնարկել իր տարածքում: Այլ կերպ ասած ՝ այս կանոնակարգումը կրկնում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության մոդելը:
Մի շարք դեպքերում բացառությունները կարող են արդարացված լինել: Օրինակ, որեւէ երկիր կարող է ասել.«Մեր երկրում այս կամ այն ոլորտը զարգացած չէ եւ այն զարգացնելու համար պետք է որոշ ժամանակով սահմանափակումներ մտցնել: Նման մոտեցումն, իհարկե արդարացված է, բայցեւայնպես բոլոր սահմանափակումները պետք է ենթարկվեն նշված կանոններին»:





























