Բրիտանական արխիվները գաղտնազերծել են հերթական փաստաթղթերը խորհրդային լրտեսներից եւս մեկի մասին: Դրանցից հետեւում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին«Քեմբրիջյան հնգյակից» բացի խորհրդային հետախուզության համար աշխատել է եւս մեկ գործակալ ՝ Սեդրիկ Բելֆրաջը:

Բելֆրաջը ծնվել է Լոնդոնում 1904թ.: 1930 ականներին աշխատել մի քանի բրիտանական թերթերում, որպես կինոքննադատ, իսկ հետո մեկնել է Հոլլիվուդ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Նյու Յորքում ու համագործակցել բրիտանական ՄԻ-6 հակահետախուզության հետ:

1941թ. ամերիկյան կոմկուսի ակտիվիստները կազմակերպել  էին նրա հանդիպումը ԱՄՆ-ում  խորհրդային միության գործակալներից մեկի հետ:

1941-1943թթ Սեդրիկ Բելֆրաջը խորհրդային գործակալներին է փոխանցել բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր՝ այդ թվում Խորհրդային միության ու Մերձավոր արեւելքի նկատմամբ բրիտանական քաղաքականության վերաբերյալ:

Այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն իր կասկածների մասին հայտնել է բրիտանացիներին, Բելֆրաջի գործը փոխանցել են Մի -6-ին:

Հետաքննությունը հանձնարարվել է Կիմ Ֆիլբիին, ով, ինչպես պարզվեց հետագայում, խորհրդային լրտեսների «քեմբրիջյան հնգյակի» հիմնական անդամներից մեկն էր:

Ի վերջո 1955թ Բերֆրաջին Միացյալ նահանգներից Բրիտանիա արտաքսեցին՝ կոմունիստների նկատմամբ նրա տածած համակրանքի համար, բայց Լոնդոնում նրա դեմ ոչ մի գործ չհարուցվեց:

Ինչպես հայտնում է BBC-ի՝  անվտանգության հարցերով թղթակից Գորդոն Կորերան՝ արխիվային փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո, Մի 6-ը չի կարողացել գտնել վկայություններ, որոնք կհերքեին Բելֆրաջի հավաստիացումներն այն մասին, որ ինքը հրամանատարությունից կարգադրություն է ստացել ՝ կապ հաստատել ռուսների հետ: