Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Հայաստանի Օմբուդսմենն այցելել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գրասենյակ, որտեղ հանդիպել է տեղի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում Արցախի իրավապաշտպանները ներկայացրել են մարդու իրավունքներին վերաբերող առկա խնդիրները: Միեւնույն ժամանակ, նրանք հայտնել եւ միաձայն հաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գոյություն չունի կաշառակերություն դատական համակարգում, ինչպես նաեւ ոստիկանությունում, դատախազությունում եւ մի շարք այլ իրավապահ մարմիններում: Այդ ոլորտներում առանձին դեպքերում հանդիպում է հովանավորչություն, բայց, ընդհանուր առմամբ, իրավապահ համակարգը չափազանց մաքուր է կոռուպցիոն դրսեւորումներից:

Հայաստանի Օմբուդսմենն այս կապակցությամբ նշել է, որ ԼՂՀ-ն տվյալ պարագայում ակնհայտ առաջատար է տարածաշրջանում, եւ Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանության դրական ձեռքբերումները կարող են օրինակ ծառայել հարեւան բոլոր պետությունների համար: Հայաստանի Օմբուդսմենը կոնկրետ միջոցներով եւ ծրագրերով իր աջակցությունն է առաջարկել ԼՂՀ հասարակական կազմակերպություններին: Քննարկման ընթացքում արդեն իսկ նախանշվել են հետագա համագործակցության քայլերը:

Բացի այդ, երկու պետությունների Օմբուդսմենների եւ նրանց աշխատակազմերի առանձին հանդիպման ընթացքում որոշվել է երկու կառույցների հետագա համագործակցության հստակ ձեւաչափը: