Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայության նախկին աշխատակից Մարկուս Ռ.-ն մեղադրվում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Գործակալը կալանավորվել է 2014 թվականին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Deutsche Welle-ին:
Կասկածյալը ԱՄՆ ԿՀՎ-ին իր ծառայություններն առաջարկել է 2008-ի սկզբին, երբ աշխատելիս է եղել գերմանական հատուկ ծառայություններում, ասված է դատախազության հայտարարությունում:
Փաստաթղթերը, որոնք 32-ամյա լրտեսը փոխանցել է ամերիկյան հատուկ ծառայություններին, տեղեկություններ են պարունակել հետախուզական ծառայությունների եւ նրանց օտարերկրյա գործակալների աշխատանքի մասին: Այդ ծառայությունների դիմաց ԿՀՎ-ն նրան 95 հազար եվրո է վճարել:
Հաղորդվում է, որ իր կալանքից որոշ ժամանակ առաջ լրտեսը Մյունխենում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը գերմանական հետախուզական ծառայության ներքին օգտագործման համար նախատեսված երեք փաստաթուղթ է փոխանցել եւ դրանով հարվածի տակ դրել Գերմանիայի արտաքին անվտանգությունը:





























