Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը ամերիկյան պաշտպանական հիմնարկի մամլո ասուլիսի ընթացքում Ռուսաստանն անվանել է «շատ, շատ նշանակալի սպառնալիք», հաղորդում է The Hill պարբերականը:
Քարտերի տեսանկյունից, Ռուսաստանը ԱՄՆ-ի գոյությանը սպառնում է «հենց իր չափերով եւ այն զինանոցի պատճառով, որին տիրապետում է»:
Նա «պուտինյան Ռուսաստանին» նաեւ մեղադրել այն բանի համար, որ իրեն պահում է ԱՄՆ-ի հակառակորդի պես` այն դեպքում, երբ սառը պատերազմի ավարտի հետո Վաշինգթոնը փոխել է Մոսկվայի հանդեպ իր վերաբերմունքը:
Քարտերը նաեւ ներկայացրել է «Ռուսաստանին հակազդելու» Պենտագոնի ռազմավարությունը, որը նա կոչել է «հզոր եւ հավասարակշռված»: Մասնավորապես, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է իր ուժերը զարգացնել որակական բնութագրերի եւ զորքի արագ տեղաբաշխման առումով: Նաեւ հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու ուղղությամբ գործողությունների նոր պլան է մշակել, որի էությունը Ռուսաստանին սահմանակից Արեւելյան Եվրոպայի երկրներին ուժեղացնելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հետագայում եւս համագործակցել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որոնցում երկու երկրի շահերը կհամընկնեն:





























