Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ցույցերի ժամանակ հասարակությունը համեմատաբար լավ է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ Ոստիկանության ղեկավար պաշտոնյաների վարքը: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք անցկացվել են «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» կողմից, որը Հայաստանում Gallup ցանցի ներկայացուցիչն է: Հարցումն անցկացվել է հուլիսի 6-13-ին Երեւանում եւ մարզերում` 1 106 մարդու մասնակցությամբ:
Կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հարցվածների 13 տոկոսը ավելի շուտ դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարքը, բացասական է գնահատել 23 տոկոսը, իսկ 52 տոկոսն այն գնահատել է միանշանակ բացասական:
ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վարքը միանշանակ դրական եւ դրական են գնահատել հարցվածների համապատասխանաբար 1 եւ 18 տոկոսը, ավելի շուտ բացասական են գնահատել 25 եւ 20 տոկոսը, միանշանակ բացասական՝ 46 եւ 43 տոկոսը:
Ամենացածր գնահատականի են արժանացել էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը եւ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրանց վարքը միանշանակ դրական եւ դրական են գնահատել համապատասխանաբար 8 եւ 5 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 16 եւ 19 տռոկոսը, միանշանակ բացասական՝ 43 եւ 39 տոկոսը: Այդուհանդերձ բարձր է չկողնորոշված քաղաքացիների թիվը՝ 33 եւ 38 տոկոս:





























