Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ու նախկին վարչապետ Ալեքսիս Ցիփրասը խախտել են սահմանադրությունը, ասված է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտոպուլուի հայտարարության մեջ:
Կոնստանտոպուլուն հայտարարել է, որ իրեն չէին տեղեկացրել կառավարության հրաժարականի մասին՝ ինչը նա անվանել է «անախորժ իրողություն»:
Կոնստանտոպուլուն հավելել է, որ նախագահ Պավլոպուլոսը իրեն չէր տեղեկացրել նաեւ գալիք փոփոխությունների մասին ու նախընտրել է «շրջանցել »խորհրդարանի նախագահին, որպեսզի շտապ կարգով ու առանց սահմանադրական պահանջների կատարման սկսի «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին մանդատ փոխանցելու գործընթացը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը օգոստոսի 20-ին հայտարարել է հրաժարական տալու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Մինչեւ ընտրությունների ավարտը Հունաստանի կառավարությունը, ըստ սահմանադրության պահանջի, կղեկավարի Արեոպագի՝ գերագույն դատարանի նախագահ Վասիլիկի Տանու- Խրիստոֆիլուն: «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վանգելիս Մեյմարակիսը ուրբաթ առավոտյան երկրի նախագահին կատարած այցելության ժամանակ պաշտոնապես ստացել է կառավարություն ձեւավորելու մանդատը:





























