Բելառուսի առաջ չկա ընտրության խնդիր` Ռուսաստանի հե՞տ համագործակցել, թե՞ Արեւմուտքի, օգոստոսի 21-ին Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք ընտրության խնդիր չունենք` Արեւմուտքի՞ հետ, թե Ռուսաստանի, Արեւմուտքի՞ հետ, թե Արեւելքի: Մենք երբեք ոչ մեկի հետ բանակցություններ չենք վարել, նույնիսկ բանակցային սեղանի առջեւ չենք նստել, եթե մեզ ստիպել են ընտրել` կամ Ռուսաստանը, կամ Արեւմուտքը»,-ասել է Լուկաշենկոն «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ընթացքում:
«Ռուսաստանը մեր ընդհանուր Հայրենիքն է: Խոշոր հաշվով մենք Ռուսաստանի հետ երբեք չենք բախվել: (…) Եվ ցանկացած արեւմտյան գործիչ, ցանկացած ամերիկացի գործիչ, որոնք եկել են այստեղ, երբեք չեն ասի, թե մենք Ռուսաստանի հաշվին բանակցություններ ենք վարել կամ էլ ինչ-որ մեկին վախեցրել ենք Ռուսաստանով: Նման բան երբեք չի եղել, եւ չի լինի»,-ընդգծել է Լուկաշենկոն:
Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ Մինսկը բացահայտորեն եւ ազնվորեն հայտարարում է Եվրամիության եւ Ամերիկայի հետ իր հարաբերությունները կարգավորելու մասին:





























