Դանիայում թանգարանից գողացել են ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Կոտրված քթով մարդը» բրոնզե կիսանդրին: Ստեղծագործությունը շուրջ 2 մլն դանիական կրոն արժե (265 հազար եվրո):

Տեսահսկման խցիկների ձայնագրություններում երկու կասկածյալ է երեւում: Նրանցից մեկը կիսատաբատով եւ լայնեզր գլխարկով է, մյուսը՝ ջինսով, վանդակավոր վերնաշապիկով եւ մարզագլխարկով:

Ըստ Gazeta.ru-ի, չարագործները գողությունից առաջ մեկ անգամ եղել են թանգարանում: Ոստիկանությունը կարծում է, որ նրանք փորձել են կիսանդրին շարժել հիմքից՝ ազդանշանային համակարգն անջատելու համար:

Reuters-ի փոխանցմամբ, գողությունը տեղի է ունեցել հուլիսին, սակայն Կոպենհագենի Գեղարվեստի թանգարանի աշխատակազմն այդ մասին անմիջապես չի հայտնել:

Գողերն ընդհանուր առմամբ 12 րոպե են ծախսել: Թանգարանի աշխատակիցները կարծում են, որ գողությունն արվեստի ստեղծագործություններ հափշտակող պրոֆեսիոնալների ձեռքի գործն է: