Մի տղամարդ հարձակվել է Ամստերդամ- Փարիզ երթուղուն հետեւող արագընթաց գնացքի ուղեւորների վրա: Հրազենային վիրավորում է ստացել երեք մարդ: Չարագործին ձերբակալել են Արրաս կայանում ՝ Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում: Նրա ձեռքին եղել են հրազենային զենք ու դանակ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Կրակողին բռնել են երկու ամերիկացի զինվորներ, երբ նա պատրաստվում  էր կրակ բացել Կալաշնիկով հրացանից ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցների հաղորդագրություններով, գնացքում ուղեւորների վրա հարձակվելու մեջ կասկածվող տղամարդը ծնունդով կամ ծագումով  Մարոկկոյից է  եւ նախկինում եղել է ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում:

ՌԻԱ նովոստին ճշգրտում է, որ զինվորականները նույնպես վիրավորում են ստացել՝ մեկը հրազենային, մյուսը դանակային:

Երրորդ տուժածը ֆրանսիացի դերասան Ժան Յուգ Անգլադն է, ով նկարահանվել է Լյուք Բեսսոնի «Նիկիտա» ու «Լեոն» ֆիլմերում, նաեւ  «Սոպրանոների գերդաստանը» սերիալում:

Դերասանը, ով BFMTV հեռուստաալիքի տվյալներով թեթեւ վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնեւը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին, իսկ գնացքում կատարված հրաձգությունը անվանել է «բարբարոսական ակտ»՝ հասկացնելով, որ խոսքը ահաբեկչության մասին է: Զինվորականներին շնորհակալություն է հայտնել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հետաքննությունը հանձնարարել են Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանմանը: