«Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը եւս մեկ անհանգստության առիթ է դարձել փորձագետների համար»,-գրում է «Ժամանակը»՝ շարունակելով. «Վերջիններիս, ինչպես հայտնի է, արդեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ ըստ այդ նոր համաձայնագրի՝ ռուսական կողմը հայկական զինված ուժերի հետ համատեղ պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը»:
Ռազմական փորձագետներից մեկը թերթի հետ զրույցում հիշեցրել է, որ անվտանգություն ապահովելը միայն հարձակման դեպքում աջակցություն ցուցաբերելը չէ: Խնդիրը շատ ավելի խորն է եւ պարտադիր ներառում է նաեւ հետախուզությունը: Այսինքն՝ եթե հայկական կողմն իր անվտանգությունը վստահում է ռուսական կողմին, ուրեմն պարտավոր է լինելու ցանկացած պահի վերջինիս տրամադրել ցանկացած հետախուզական տվյալներ:



























