«Գրանդ հոլդինգի» ճակատագրի վերաբերյալ տարատեսակ կանխատեսումներ են շրջանառվում: Ըստ որոշ լուրերի՝ ընկերության հարաբերությունները սրված են վարչապետի ու Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ: Խոսում են, թե պատրաստվում են նրանից խլել «Ար» հեռուստաընկերությունը, լուրջ խոչընդոտներ են ստեղծում արտահանման ու ներմուծման համար: Վարդանյաններին են վերագրում ու արդեն անցյալ ժամանակով խոսում «Էյ Այ Յու Արիա» մասնավոր բուհ-ի մասին, որը կրթության եւ գիտության նախարարի ու լիցենզավորման վարչության որոշմամբ վերջերս զրկվեց լիցենզիայից: «Գրանդ հոլդինգի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին թերթը զրուցել է ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Լուրեր են շրջանառվում, թե Ձեզանից ուզում են խլել «Ար» հեռուստաընկերությունը:
Գիտեք, «Ար» հեռուստաընկերությունը, արտասահմանյան ռեյտինգ չափող մի կազմակերպության տվյալներով, 5-6-րդ տեղն է: Եթե մեր իշխանույունները կփորձեն 6-րդ համարի հեռուստաալիքը փակել, Աստված իրենց հետ, դա իրանց պրոբլեմն ա ու մեր ժողովրդի, ես ոչ մի պրոբլեմ չունեմ: Բայց ես չեմ կարծում, որ այդ քայլին մեր կառավարությունը կգնա: Եթե 20-ից մի քանիսը պիտի փակվի, ու մենք 6-րդ տեղն ենք, ինչի՞ պիտի մերը փակվի: Սա պետություն ա, հո քմահաճույքների երկիր չի՞, որ ինչ ուզեն անեն:
Պարոն Վարդանյան, Դուք չգիտե՞ք, որ պետությունը ռեյտինգով չի առաջնորդվում, այլ սուբյեկտիվ նկատառումներով: «Ա1+»-ը վերջի՞ն տեղում էր, որ փակեցին:
Դե «Ա1+»-ը քաղաքական հեռուստաընկերություն էր, օպոզիցիոն, իսկ մենք հարցեր ենք բարձրացնում, փորձում ենք ժողովրդին օգտակար լինել, ոչ կուսակցություն ենք, ոչ քաղաքական խմբավորում ենք, ոչ մի բան: Մենք գործարար աշխարհ ենք, որը նաեւ այդ հեռուստաընկերության ծախսերն ա իր վրա վերցնում:
...Պարոն Վարդանյան, Ձեր հարաբերությունները լարվա՞ծ են վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի հետ :
Դա հերթական ուտկան ա, լրիվ նորմալ հարաբերություններ են Գագիկ Խաչատրյանի եւ վարչապետի հետ, չնայած մենք ունենք տարաձայնություններ սիգարետի նոր օրենքի հետ կապված, որը մշակման փուլում ա: Աշխատում են դրա վրա, բայց էն ուղղությունը, որ վարչապետն ա ընտրել, իմ համար անհասկանալի ա: Բայց մենք բանակցում ենք:
Կոնկրետ ի՞նչն ընդունելի չէ Ձեզ համար:
Դե հարկերի փոփոխությունը, ինչը որ կառավարությունն առաջարկում ա, տեղական արտադրությանը չեն խթանում, ավելի շատ ներմուծմանն են խթանում, սակայն դա դեռ նախագիծ է: Կարծում եմ՝ վերջում նորմալ կլինի:
Իսկ պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ Ձեր հարաբերություննե՞րը:
Եթե այս տեմպերով երկու ամիս էլ շարունակվի, լրիվ կախպերանանք: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք, հիմա ինքը ինձ հնարավորություն ա տվել 80 աշխատատեղ կրճատենք, բոլոր պահակներին կրճատելու եմ, որովհետեւ հարկային տեսուչները եկել են, պահակների գործը լրիվ կատարում են...: Արկղ առ արկղ ստուգում են նրանց տեսուչները, նայում են թղթաբանությունը, որ հանկարծ նույնիսկ մի հատ ստորակետի սխալմունք չլինի:
Իսկ այն լուրե՞րը, թե մաքսատանը խոչընդոտում են Ձեր արտադրանքի արտահանմանը եւ շոկոլադն այնքան են պահել, որ փչացել է:
Դա շոկոլադ ներմուծողների կամ արտահանողների հերթական բլեֆն ա, ընդհանրապես մենք մի տարի ա՝ չենք արտահանել, ես էլ թերթերում կարդացի, զարամացա, զանգեցի «Գրանդ քենդիի» կոնֆետի գործարանի դիրեկտորին, հարցրի, ասեց՝ մենք վերջին 8-9 ամսվա ընթացքում չենք արտահանել ու խնդիր չենք ունեցել:



























