Երեւանում ամռանը տեղի ունեցած հոսանքի դեմ թանկացման նստացույցի ժամանակ բերման ենթարկված ցուցարար Արամ Հակոբյանի գործով նախաքննությունն ավարտվել է:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Հակոբյանն Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ընկերոջը հետապնդելու եւ բերման ենթարկելու առիթով, նույն տարածքում ծառայողական պարտականությունները իրականացնող՝ ոստիկանության լեյտենանտ Գեւորգ Ամյանի նկատմամբ բռնություն է գործադրել. երկու անգամ բռունցքով հարվածել է վերջինիս ձախ այտին եւ գլխին:

Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունիսի 28-ին 22-ամյա Արամ Հակոբյանն Ազատության հրապարակում բռնություն է գործադրել ոստիկանության ծառայող Գեւորգ Ամյանի նկատմամբ։

Հունիսի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: