Հայաստանում չի կարելի վիճելի հարցերը բռունցքներով պարզել: Այդ մասին օգոստոսի 31-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ մեկնաբանելով  Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների՝ «Էյր Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանին  ծեծելու հարցին:

«Մենք եռանդուն կերպով զբաղվում էինք այդ գործով, բայց այս դեպքում ինքը՝ տուժողը խնդրեց փակել գործը: Եվ այս պարագայում մենք ստիպված ենք կանգ առնել», - հայտարարել է Անդրեասյանը:

Այն հարցին, թե հաշտության պայմաններն արդյոք կասկած չեն հարուցում, Անդրեասյանը պատասխանել է.  «Ստիպված ենք ընդունել, որ Հայաստանում շատ են թաքնված հանցագործությունները, որովհետեւ շատերն իրենք չեն ձգտում պաշտպանել իրենց իրավունքները: Մեր հասարակությունն ինչ-որ պահի հանգել է հարցերը իրավական միջոցներով լուծելու գաղափարին:  Հույս ունեմ, որ այն դեպքը, որը ստիպված եղանք դիտարկել, բացառություն էր եւ մեզ չի վերադարձնի դեպի անցյալ, որը քրեական բովանդակությամբ ֆիլմեր էր հիշեցնում», -  հայտարարել է ՄԻՊ-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի  15-ին Ավետիսյանին հրավիրել է Ֆուտբոլային ակադեմիա: Հանդիպման ընթացքում թիկնապահները ծեծել են Ավետիսյանին: Հետո նա հայտարարել է, թե հաշտվել է Հայրապետյանի հետ: