ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պարզվում է, ոչ միայն փորձում է հայկական կոնյակի բույրով «արբեցնել» ու Արարատի պատկերով նկարներով «կուրացնել» Հայաստանի հարցով զբաղվող ԵԽԽՎ ներկայացուցիչներին, այլեւս անցել է տարբեր աճպարարությունների: Օրինակ, արդեն ընդդիմության անունն է օգտագործում ԵԽԽՎ-ում՝ Հայաստանի իշխանության հանդեպ ԵԽ բարեհաճությունն ապահովելու համար»,-գրում է «Հրապարակը»: «Հայտնի է, որ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներից է Հայաստանի ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Ուստի Դավիթ Հարությունյանն իր կաբինետում մի երկու հոգու հետ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթ է մշակել՝ երկու նախագիծ ու ողջ ԱԺ անունից ուղարկել է Վենետիկ՝ ԵԽ-ում հավաստիացնելով, որ դա նաեւ ընդդիմության տեսակետներն է ներառում եւ համաձայնեցված է նրա հետ:
Սակայն երբ ժամանակ առաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ անդամները հանդիպել են ընդդիմության նեկայացուցիչների հետ, պարզվել է, որ դա աղերսներ չունի իրականության հետ եւ իշխանությունը խեղաթյուրել է իրականությունը. ոչ խորհրդարանական, ոչ էլ արտախորհրդարանական ընդդիմությունը տեղյակ չէ ինչի մասին է խոսքը: Ընդ որում՝ ՀՀ իշխանությունն իր քայլերը գաղտնի է պահել ու այդ մասին հայտարարել է միայն Վենետիկ ուղարկելուց հետո»,-շարունակում է թերթը: Հայ ազգային կոնգրեսում , ըստ թերթի, տեղյակ չեն, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Այդ մասին տեղյակ չէ նաեւ խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգությունը»:



























