Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի  8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական  ինտեգրման  եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵԱՏՄ  անդամ երկրների միջկառավարական  խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով:

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել  են ԵԱՏՄ շրջանակում   արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական  եւ ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ  հայկական կողմն աջակցում է  նիստում ներառված եւ համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ-ի շրջանակներում  համագործակցության տարբեր ոլորտներ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում  է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս համատեքստում ընդգծելով Հայաստանի Հանրապետության հարուստ փորձն ու մասնագիտացումը՝  ՀՀ վարչապետը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը Եվրասիական ինժեներական կենտրոնի համար հարթակ տրամադրելու հարցում: Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է մակրոտնտեսական  եւ դրամավարկային քաղաքականության իրականացման գործում փոխհամաձայնեցված փորձի փոխանակումը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի՝ Եվրոպական միության հետ համագործակցության կարեւորությանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առեւտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը,  Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ-ի հետ համապատասխան երկխոսության ձեւավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության եւ փոխլրացնող սկզբունքի ապահովմանը:

ԵԱՏՄ միջկառավարական  խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով  որոշվել է հաջորդ նիստն անցկացնել  Հայաստանում:

Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի  ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման եւ այլ հարցերում:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետները մասնակցել են  «RFID» տեխնոլոգիաների ցուցադրությանը,  այցելել «Կորոբչիցի»  ագրոտուրիստական համալիր: