Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով վերադարձել է Երեւան կատարած պետական այցից, օգոստոսի 23-ին Հարավային Կովկասի հարցերն է քննարկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, «զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են 2010թ. մայիսին Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած այցը, նաեւ գնահատականներ ու կարծիքներ են փոխանակել Հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակի շուրջ»:

Մեդվեդեւը անկեղծ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանն ու ժողովրդին, ՌԴ տարածքում բնական հրդեհների մարման գործում ցուցաբերած համերաշխության եւ օգնության պատրաստակամության համար:

«Աբդուլլահ Գյուլը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, նկատել է, թե Թուրքիայում գիտեն, որ իրենք միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել: Երկու կողմից նշվել է, որ փոխադարձ համերաշխությունը երկու երկրների միջեւ իրական ռազմավարական գործընկերության արտացոլումն է»,- նշում է  մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ավարտվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը Հայաստան: Օգոստոսի 19-ին մեկնարկած այցի շրջանակերում մի շարք պայմանագրեր են կնքվել, Մեդվեդեւը այցելել է Ծիծեռնակաբերդի հոշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նաեւ մասնակցել է Գյումրիում «Պատվո բլուր» հուշարձանի բացմանը: