Սահմանադրական բարեփոխումները հստակ մեխանիզմներ են նախատեսում, որպեսզի իշխանության կենտրոնացումը նախագահից չանցնի վարչապետին։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։
«Համեմատության համար հիմքեր չկան առաջին հերթին այն պատճառով, որ նախագահին ընտրում են որոշակի ժամկետով, եւ նրան հնարավոր է տապալել միայն իմպիչմենտով կամ հեղափոխությամբ։ Խորհրդարանական հանրապետությունը թույլ է տալիս իշխանությունը փոխել առանց նման իրավիճակների»,- հայտարարեց Պողոսյանը։
Ներկայիս խորհրդարանական-նախագահական համակարգը հղի է ճգնաժամերով հենց այն պատճառով, որ իշխանափոխության հնարավորություն չկա, հատկապես եթե նախագահ է դառնում քաղաքական մեծամասնության առաջնորդը։ Այս դեպքում վերանում է իշխանության հակակշռի մեխանիզմը։ Եթե նախագահը չի դառնում այդ առաջնորդը, ապա նորից առաջանում է ցնցումների վտանգը։
Դրա օրինակը 1996թ. ընտրություններից հետո ծագած խոշոր ճգնաժամն էր, իսկ 1998թ., երբ նախագահը հրաժարական տվեց, բացահայտ հայտարարեց, որ հեռանում է ոչ թե իր կամքով, այլ հայտնի ուժերի ճնշման ներքո, նշեց Պողոսյանը։
«1999թ. մի կողմից նախագահի, իսկ մյուս կողմից կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակասություններ առաջացան։ Երբ տարաձայնությունները հասան լուրջ մակարդակի, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Եվ դա անգամ 1995թ. սահմանադրության պայմաններում, երբ թվում էր, թե իշխանությունը նախագահին տալով՝ հնարավոր է կայունություն ապահովել։ Ինչու՞ այդ դեպքում հնարավոր չեղավ հանգիստ լուծումներ գտնել։ Դա թույլ չէր տալիս պետական կառավարման կառուցվածքը»,- հայտարարեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման դեպքում վարչապետն ու նրա կառավարությունը պատասխանատու են խորհրդարանի առջեւ եւ իրենց գործողությունների ճշմարտացիությունը պետք է ապացուցեն ոչ միայն հասարակությանն ու ընդդիմությանը, այլ նաեւ իշխող մեծամասնությանը։ Իսկ իշխող ուժը կարող է փոխել կառավարության կազմը ցանկացած պահի։
«Իշխանության ճգնաժամի համար հիմքեր այս դեպքում չեն առաջանում, դրանք լուծվում են իրավական մեխանիզմներով»,- եզրափակեց Պողոսյանը։





























